Пятница, 29.03.2024, 12:22

ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ

Меню сайта
Форма входа
Поиск
Block title
Block title
Главная » Доска объявлений (6)

ՍՊՈՐՏ [4] ՄՇԱԿՈՒՅԹ [1]
ԱՇԽԱՐՀ [1]

Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ապրիլի 24-ին, գոտու վրա «1915» գրությամբ, հաղթել է Յոնի Պերեսի հետ մենամարտում եւ տիրացել IBO վարկածով չեմպիոնի կոչմանը` թեթեւագույն քաշում:

Հաղթանակից հետո Դարչինյանը հարցազրույցում պատմել է 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին եւ ընդգծել այդ տարեթվի կարեւորությունը Հայաստանի պատմության մեջ: Բռնցքամարտիկը իր հարցազրույցն ավարտել է հայերենով. «Հայաստան, ես գալիս եմ»,- գրում է «Ասպարեզը»:

Նշենք, որ 35-ամյա Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 35 հաղթանակ  (27-ը նոկաուտով), 3 պարտություն եւ մեկ` ոչ-ոքի:

ՍՊՈՐՏ | Просмотров: 547 | Дата: 24.04.2011 | Комментарии (1)

Բարսելոնայի ռմբարկու Լիոնել Մեսին գերազանցեց իսպանական թիմերում հանդես եկած ֆուտբոլիստների արդյունավետության ռեկորդը` Օսասունայի հետ խաղում խփելով մրցաշրջանի իր 50-րդ գնդակը: Նախկին ռեկորդը` 49 գոլ պատկանում էր Ռեալի նախկին խաղացող, հունգարացի Ֆերենց Պուշկաշին (1959/60 թթ. մրցաշրջան):

Մեսին ընթացիկ մրցաշրջանում 31 գնդակ խփել է Իսպանիայի առաջնությունում, 7 գնդակ` Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 9 գնդակ` Չեմպիոնների լիգայում եւ 3 գնդակ` Իսպանիայի Սուպերգավաթում:

ՍՊՈՐՏ | Просмотров: 441 | Дата: 24.04.2011 | Комментарии (0)

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնան պատրաստ է գլխավորել Ուկրաինայի ազգային հավաքականը: Հիսունամյա Մարադոնան արդեն սկսել է սովորել ուկրաիներեն: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան մինչեւ Եվրո-2012-ի սկիզբը կորոշի գլխավոր մարզչի հարցը: Ներկա պահին գլխավոր մարզչի պարտականություններն է կատարում Յուրի Կալիտվինցեւը:
ՍՊՈՐՏ | Просмотров: 450 | Дата: 24.03.2011 | Комментарии (0)

Մարտի 7-ից սկսվել է Եվրո-2012-ի Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպման տոմսերի վաճառքը: Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղում սկսվել է տոմսերի ակտիվ վաճառք: Տոմսերը վաճառվում են միայն անձնագրով: Մեկ անձնագրով անձը կարող է ձեռք բերել 4 տոմս: Հակառակորդ թիմի երկրպագուներին տոմսերի վաճառքն արգելվում է, քանի որ ռուսներին արդեն հատկացվել են անհրաժեշտ քանակով տոմսեր: Մինչեւ հանդիպումը դեռ 17 օր կա, բայց արդեն շուրջ յոթ հազար տոմս վաճառվել է
ՍՊՈՐՏ | Просмотров: 482 | Дата: 24.03.2011 | Комментарии (0)

Վերջին անգամ Ուկրաինայում եղել եմ դեռ «նարնջագույն իշխանությունների» օրոք: Դոնեցկի շրջանում, ուր մեկնել էի ազգականներիս այցելության, ինձ հանդիպած մարդկանց մեծ մասը, «նարնջագույններին», անկեղծ ասած, չէր սիրում: Մարդիկ անհամբերությամբ սպասում էին նոր ընտրություններին, որպեսզի իրենց ձայնը տան Վիկտոր Յանուկովիչին, ով, ինչպես նրանք էին ասում այն օրերին, «Փպ ՊՌսՏ» է, ասել է թե` Ուկրաինային պետք է կարգին ղեկավար, ոչ թե «Յուշչենկոյի ու Յուլյայի» նման: Դոնեցկի շրջանի շարքային բնակիչների քննադատության հիմքում ընկած էր այն, որ երկիրը ղեկավարելու ողջ ժամանակահատվածում նախագահը հիմնականում պոպուլիզմով էր զբաղվում եւ հեռուստատեսությամբ «մարդասիրական մտքեր» էր շարադրում մի քանի ժամանոց ելույթներում, իսկ վարչապետը... նրա դեմ ուղղված մեղադրանքները չեմ ուզում կրկնել. դրանք բավականին ծանր մեղադրանքներ էին: Բայց ահա հիմա իշխանության գլխին դոնեցկցիների սիրելին է` Վիկտոր Յանուկովիչը, եւ հետաքրքիր էր, թե ինչ է փոխվել այն ժամանակներից ի վեր:

Ուկրաինայում տեղի ունեցած փոփոխությունները բավականին արագ զգացվեցին` գնացքով ռուս-ուկրաինական սահմանը hատելու պահից սկսած: Առաջ «դեղնա-կապտավուն» (Ուկրաինայի պետական դրոշի գույներն են) ծառայություններն առիթը բաց չէին թողնում` «կպչելու» ռուսական կողմի ուղեւորներին` ամեն գնով փորձելով մաղարիչ պոկել: Այժմ վերաբերմունքը շատ ավելի զուսպ է: Մաքսային ստուգումներն ավելի լոյալ են դարձել: Համենայն դեպս` ոչ ոք չէր քրքրում կանանց ձեռքի պայուսակները, ինչպես նաեւ` ուղեբեռը: Հազիվ թե պատճառն այն է, որ ուկրաինական մաքսայինների «ռենտգենային տեսողությունն» է զարգացել, եւ նրանք սովորել են ուղեբեռն անզեն աչքով ուսումնասիրել: Փաստն այն է, որ ոչ մի ճամպրուկ չբացվեց մանրամասն զննության համար: Սակայն քիչ անց մեզ ոչ այնքան հաճելի անակնկալ էր սպասվում: Հատկապես մոլի ծխողներիս համար: Ուկրաինայի տարածքում գնացքի մեջ ծխելն արգելվա՛ծ է. ո՛չ զուգարանում, որտեղ կարող է հակահրդեհային ազդանշանը միանալ, ո՛չ վագոնի փակ հարթակի վրա, ո՛չ էլ, բնականաբար, վագոնում... Դրա համար տուգանում է կամ Ոստիկանությունը` Տրանսպորտային ոստիկանությունը թե սովորական Ոստիկանությունը. այնքան էլ պարզ չէ, քանի որ իրենք` աշխատակիցները, իրենց անվանում են միլիցիա, մարդիկ` նույնպես, իսկ համազգեստների վրա գրված է` ,Police»: Հետաքրքիր էր` ո՞ւմ մտքով է անցել ծխելն արգելելը: Ուղեկցորդուհին պարզաբանեց` Յանուկովիչի: Առողջ ապրելակերպի կողմնակից Ուկրաինայի նախագահը մտահոգվում է ոչ միայն իր քաղաքացիների, այլեւ Ուկրաինա ժամանող բոլոր մարդկանց առողջությամբ: Ծխել կարելի էր միայն երկար կանգառների ժամանակ` այնտեղ, ուր գնացքը կանգ է առնում մոտ հինգ րոպե: Սակայն, քանի որ գնացքը ճեպընթաց էր, ապա հաջորդ կանգառը լինելու էր գրեթե Դոնեցկի մոտ` ճամփորդության վերջին կետում: Հաշվարկելով ճամփորդության ժամկետը` ես որոշեցի «տուգանվել», բայց ծխել, եւ ուղեկցորդուհուն հարցրեցի տուգանքի չափի մասին, որ ազնվորեն վճարեմ, ապա հանգիստ խղճով օրգանիզմս «ամրապնդեմ» նիկոտինով, իսկ եթե որեւէ մեկն առարկի դրա դեմ, հպարտ-հպարտ նրա քթի տակ թափահարեմ ինդուլգենցիայի անդորրագիրը: Պարզվեց, որ պետք է հարցնել ոչ թե ուղեկցորդուհուն (նա չգիտեր), այլ տրանսպորտային միլիցիոներ-ոստիկանին, ով առանց կանգ առնելու` վագոնից վագոն էր տեղափոխվում: Շնորհիվ նման շարժականության` գնացքներում փաստորեն զրոյի են հասցված հանցագործությունները, սակայն ծխողների համար կրկնակի դժվար է: Մի խոսքով` պարզվեց, որ գնացքում ծխել չարժե. իրավապահ մարմինների աշխատակցի ասելով` տուգանքի չափը կարող էր տարբեր լինել` մոտավորապես 20-200 դոլար (գրիվնայով): Նման մեծ տարբերությունը բացատրվում էր շատ պարզ. եթե տուգանքը տեղում վճարես, այն կկազմի մոտ 20 դոլար` կախված «հսկիչի» տրամադրությունից եւ այն բանից` դուր կգա՞ս նրան, թե՞ ոչ: Ինչ-որ բան ապացուցելու փորձերը, վեճը, խմածության աստիճանը եւ այլն մեծացնում են տուգանքի չափը: Տուգանքը վճարելուց հրաժարվելու դեպքում այն կարող է հասնել առավելագույնը 200 դոլարի: Այդ դեպքում, ինչպես բացատրեց միլիցիոներ-ոստիկանը, ծխողին կարող են իջեցնել գնացքից եւ տուգանքի մասին անդորրագիրը նրան ուղարկել Ուրաինայի Արդարադատության նախարարության միջոցով: «Բայց հաշվի առ հետեւյալը. նախարարությունում խորամանկում են եւ ծանուցագիրն ուղարկում միջադեպից մի տասը օր անց, որպեսզի կրկնակի գումար պոկեն, քանի որ ըստ օրենքի` տուգանքը պետք է վճարել տասն օրվա ընթացքում»,- ինձ վստահելով` պատմեց իրավապահ մարմնի աշխատակիցը: Նրա պատմածից հետո ծխախոտային սուր կախվածությունս դադարեց այդքան սուր լինելուց...

Երկրի մասին, ուր հյուր ես եկել, առաջին տպավորությունը ստանում ես ավտոմեքենաների «տեսականուց», ճանապարհների վիճակից եւ մթերային խանութների գներից: Ավտոմեքենաների խնդիրը բավականին բարդ էր: Դոնբասի ճանապարհներով ինչ մակնիշի մեքենա ասես որ չի շարժվում` սկսած առաջին մոդելի ծակծկվելու աստիճան ժանգոտած «Ժիգուլիներից» մինչեւ «...». այստեղ ըստ ձեր ճաշակի կարող եք դնել ցանկացած թանկարժեք մոդելի մեքենա, եւ չեք սխալվի: Ճանապարհներն ընդհանուր առմամբ վատը չեն: Իդեալական հարթությանը հանկարծ փոխարինում են կարծես ռմբակոծությունից հետո առաջացած մեծ-մեծ փոսերը, անհասկանալի հողաթմբերը, երբեմն էլ մի քանի մետր ճանապարհ առանց ասֆալտի է: Հազվադեպ հանդիպում են ճանապարհային շինարարներ, ովքեր, չգիտես ինչու, վերացնում են ոչ թե խորը փոսերը, այլ ինչ-որ «ոչ ճակատագրական» անհարթություններ: Մթերքի գները ցածր են, հատկապես, եթե համեմատենք Մոսկվայի հետ: Սակայն տեղացիները դժգոհում են. աշխատավարձերն ու թոշակներն ընդհանուր առմամբ ցածր չեն, սակայն կեսից ավելին ծախսվում է կոմունալ վճարների վրա, այդ պատճառով բոլոր մթերքները չէ, որ մշտապես հասանելի են: Յանուկովիչի առթիվ ծագած «էյֆորիան» ի չիք է դարձել գների աճի հետ մեկտեղ: Ճիշտ է, «նարնջագույնների» հանդեպ «կարոտախտ» նույնպես չկա: Տեղի բնակչությունը մշուշոտ պատկերացում ունի երկրի քաղաքական ապագայի մասին: Նրանց գլխավոր մտահոգությունը, ինչպես եւ ցանկացած մարդու համար, աշխատանք ունենալն է: Իսկ այդ հարցում ամեն ինչ չէ, որ հեշտ է:

Ուկրաինական չափանիշներով փոքրիկ Դոկուչաեւսկ քաղաքում (բնակչությունը 30 հազար է, բայց այնտեղ կա շատ հաճելի կենդանաբանական այգի) զրուցասեր տաքսիստը դժգոհում էր, որ երկու դիպլոմ ունենալով` ինքը ստիպված է մեքենա վարելով փող աշխատել: «Տղաս նույնպես երկու կարմիր դիպլոմ ունի, աղջիկս էլ բարձրագույն կրթություն ունի, բայց աշխատանքի հարցը բարդ է»: Հասարակ ու կարմիր դիպլոմների նման քանակը, ինչպես նաեւ` մեքենայի նստատեղերի ծածկոցներն ու զանազան մանր-մունր բաների առատությունն ինձ կասկածելի թվացին: Դե իհարկե, հայրենակի՛ց է: Աշխարհում գոնե մի բնակելի վայր կա՞, Ադրբեջանից բացի, որ ազատ լինի մեր` հայերիս ներկայությունից: Իսկ Գրիշան (այդպես էր վարորդի անունը) հպարտությամբ հայտնեց, որ Դոկուչաեւսկում արդեն հիսուն հայ ընտանիք կա: «Բայց այստեղ առաջին հայը ես եմ եղել».- գլուխը գովեց նա, ով այս կողմերն էր հասել Ղարաբաղ-Հայաստան-Ուկրաինա երթուղով դեռ պատերազմից մի քանի տարի առաջ: Ինչ-որ ազգականներ են համոզել տեղափոխվել այստեղ: Իրենք էլ` ուրիշներին: Այդպես էլ ձեւավորվել է «հայ համայնքը»: «Հաշտ ու համերաշխ ենք ապրում, օգնում ենք իրար ինչով կարողանում ենք... Մեկը առեւտուր է անում, մեկն էլ ինձ նման տաքսի է քշում... հարեւան գյուղում երկու հայ ընտանիք ոչխար են պահում»: Եվ, ինչը բնական է նախկին ԽՍՀՄ-ի ցանկացած հատվածում, առաջ ավելի լավ էր. Գրիշան ավտոբուս է ունեցել, եւ, ինչպես «իսկական հայ», մի փոքրիկ «ցեխ»: Սակայն հետո հանկարծ առողջության հետ կապված խնդիրներ են ծագում, ու ոչ ավտոբուս, ոչ «ցեխ». ամեն ինչ ծախսվում է բժիշկների վրա: Զրոյից սկսելու համար արդեն ուժերը չեն հերիքում. Աստված տա` երեխաները կարողանան վերջապես մի բան անել, իրեն չեն թողնի: Իսկ քանի դեռ նրանք առանձնապես մի բանի չեն հասել, Գրիշան տաքսի է վարում: Տեղափոխվել Դոնեցկ նա չի ուզում, թեեւ այն մեծ քաղաք է, եւ փող աշխատելն այնտեղ ավելի հեշտ է. մեծ քաղաքում պրոբլեմներն էլ են մեծ, իսկ փոքր քաղաքում ավելի քիչ են: «Կարող է ժամանակին սխալվել եմ... Ամեն դեպքում հայերը պետք է Հայաստանում ապրեն»,- հանկարծ տխրությամբ ասաց նա, երբ հրաժեշտ էինք տալիս իրար, եւ էլ ավելի տխրեց, երբ իմացավ, որ Դոկուչաեւսկ եմ եկել ընդամենը մի երկու օրով: «Ես էլ կարծում էի` մերոնց կհավաքեմ, կնստենք-կխոսենք»:

Հետդարձի ճամփան նույնքան տանջալի էր ծխողներիս համար, եւ Ռուսաստանի սահմանը հայրենի տուն թվաց: Թեեւ վագոնի հարթակում, ուր խմբվել էին հազիվ սիգարետին հասած ծխողները, անմիջապես հայտնվեց ռուս ոստիկանը եւ փորձեց մեզ տուգանել: «Գնացքը ուկրաինական է, ուրեմն դուք խախտում եք ուկրաինական օրենքները»,- անհամոզիչ պատճառաբանեց նա: «Դու ինչո՞ւ ես ուկրաինական օրենքները պաշտպանում, այ ռուս մենթ»,- սրան նա չկարողացավ առարկել եւ անհետացավ սիգարետի ծխի քուլաներում... Իսկ ես, արդեն որերորդ անգամ, երբ հատում եմ հետխորհրդային որեւէ երկրի սահման, մտածեցի. իսկ ինչի՞ համար են պետք այս սահմանները. դրանք երկրի ինքնիշխանության հետ շատ քիչ առնչություն ունեն: Օրինակ` Եվրոպան... Թեեւ մենք բոլորս (հետխորհրդային տարածքում, առանց բացառության բոլորս) դեռ շատ հեռու ենք Եվրոպայից:
ԱՇԽԱՐՀ | Просмотров: 386 | Дата: 24.03.2011 | Комментарии (0)

«Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիան ընդամենը մեկ տարվա կյանք ունի: Անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ զբաղվող անկախ ստուդիա ունենալու գաղափարն, իհարկե, վաղուց կար: 

Այդ մասին երազում էր մեր հայրենական անիմացիայի լեգենդ, լուսահոգի Ռոբերտ Սահակյանցը, ով դեռեւս 1972 թվականին էր հավաքել իր ստեղծագործական խմբի «կորիզը» եւ Հայաստանի անկախությունից հետո սպասում էր հարմար պահի` իր երազանքն իրականություն դարձնելու համար:

«Ռոբը մտածում էր, որ ստուդիան կարելի է բացել այն ժամանակ, երբ գոնե մեկ խոշոր պատվեր ի հայտ կգա: Եվ փաստորեն այդ պատվերը տեղի ունեցավ միայն նրա մահից հետո»,- ասում է նրա որդին` Դավիթը, ով այժմ ղեկավարում է ստուդիան: Ստուդիայում, ի դեպ, աշխատում են ոչ միայն Ռոբերտ Սահակյանցի տասնամյակների թիմակիցները (այդ թվում նաեւ նրա այրին` Լյուդմիլա Սահակյանցը), այլեւ` նրա զավակներն ու թոռները, ովքեր բոլորն էլ վառ եւ տաղանդավոր անհատականություններ են:

Իսկ ստուդիայի ստեղծման մեկնակետը դարձավ «Անահիտ» անիմացիոն լիամետրաժ ֆիլմը, որի գաղափարը ծնվեց Ռ.Սահակյանցի դստեր` դիզայներ եւ նկարչուհի Նանա Սահակյանցի մոտ: «Մենք համոզվեցինք, որ բոլորին ծանոթ ու սիրելի «Անահիտ» հեքիաթը կարելի է նորովի վերընթերցել: Եվ քանի որ, դժբախտաբար, մեզ մոտ հայերեն լեզուն «կաղում» է, մենք որոշեցինք դիմել սցենարիստ Վահրամ Սահակյանին, ով էլ իր հերթին շատ հետաքրքիր հնարք կիրառեց` ողջ ֆիլմի դիալոգները վերածելով չափածո տեքստի: Այնպես որ` «Անահիտը» ոչ միայն պոետիկ դարձավ, այլեւ ձեռք բերեց բալլադային երանգ»,- ասում է Դավիթ Սահակյանցը: 

Նա շեշտում է, որ իրենց ֆիլմի հանդիսատեսն առաջին հերթին երեխաներն են, եւ հենց այդ փաստը հաշվի առնելով էլ` իրենք չեն ցանկացել «ծանրաբեռնել» ֆիլմն ավելորդ տեխնոլոգիական հնարքներով: 2D ձեւաչափով արվող «Անահիտը» որոշ հատվածներում կկիրառի նաեւ 3D տեխնոլոգիան, սակայն մեծ իմաստով` կմնա այն հին ու բարի, տրադիցիոն մուլտֆիլմերի շրջանակներում, որոնք հարազատ են ստեղծագործական խմբի ձեռագրին: «Նոր տեխնոլոգիաներն, իհարկե, ամբողջովին փոխեցին անիմացիան, հայտնվեցին բոլորովին նոր համակարգչային ծրագրեր, որոնք հեշտացնում են նկարչի գործը: Իսկ երբ փոխվում է տեխնիկան, անպայման փոխվում է նաեւ որակը: 3D-ն մի աշխարհ է, իսկ նկարված ֆիլմը` բոլորովին այլ: Մենք գերադասեցինք աշխատել այն ոճով, որին տիրապետում ենք, եւ որը վերջիվերջո` սիրում ենք»,- ասում է Դ.Սահակյանցը: 

Իսկ թե ինչո՞ւ են «Անահիտ» ֆիլմի համար օգտագործվել հատկապես հայտնի գլամուրային մեդիա-դեմքերի (Հրանտ Թոխատյանի, Խորեն Լեւոնյանի եւ Նազենի Հովհաննիսյանի) ձայները, Դ.Սահակյանցը պատասխանում է. «Սկզբում մենք էլ չգիտեինք` թե ինչպիսի արդյունք կստանանք, բայց կարծում եմ, ամեն բան բավականին ներդաշնակ ու լակոնիկ ստացվեց: Մուլտիպլիկացիան իր սպեցիֆիկան ունի, եւ յուրաքանչյուր դերասան բոլորովին այլ կերպ է աշխատում ու իր խոսքը կառուցում: Մուլտֆիլմը գովազդ չէ, եւ այստեղ գովազդային ձայներ չեն կարող հնչել: Մենք արդեն ամբողջ տեքստը ձայնագրել ենք, ու վստահեցնում եմ, որ արդյունքը լավն է: Կերպարները ամբողջական ու թեթեւ են, ինչին նպաստեց նաեւ չափածո տեքստը»: 

«Անահիտ» ֆիլմում մեծ դեր ունեն ոչ միայն մարդիկ, այլեւ կենդանիները, որոնք իրենց հրաշագործ ու հավատարիմ էությամբ կարողանում են օգնել ու ուղղորդել գլխավոր հերոսներին: Զանգի շունը, Անդոկ ձին խոսել գիտեն, սակայն նրանց խոսքը ոչ թե ֆիլմի հերոսներն են հասկանում, այլ` հանդիսատեսը: Եվ այդ շատ հետաքրքիր դրամատուրգիական հնարքի շնորհիվ հանդիսատեսի (հատկապես մանուկների) մոտ պատրանք է ստեղծվում, որ իրենք ավելի տեղեկացված ու թերեւս` ավելի իմաստուն են: Չէ՞ որ կենդանիների լեզուն հասկանալը իմաստության նշան է: «Մեզ համար մեծ նշանակություն ուներ լավ հայերենը: Քանի որ ֆիլմը նախեւառաջ երեխաներին է ուղղված, մենք փորձել ենք հայերեն լեզուն առավել մատչելի ու գեղեցիկ ներկայացնել, որպեսզի երեխան ֆիլմը կարողանա ինքնուրույն դիտել ու ընկալել` առանց մայրիկից մեկնաբանություններ սպասելու»,- ասում է Դ.Սահակյանցը: 

Հումորով ու երաժշտությամբ լի մուլտֆիլմը բավականին ուշագրավ ենթատեքստ կունենա: Բացի այն մտքից, որ մեր կյանքում ամեն բան անցողիկ ու հարաբերական է, իսկ մնայունը միայն այն շնորհքն է, որին տիրապետում ես, կշեշտվի նաեւ չարի ու բարու բախումը, որն իրականում ոչ թե մեզանից դուրս, այլ` հենց մեր մեջ է ընթանում: Մուլտֆիլմի գլխավոր չարագործ Ազարն իր օգնական Էնվերի հետ տարբեր ծուղակներ կսարքի Անահիտի ու Վաչագանի համար, սակայն` ապարդյուն: «Ընդգծել ենք, որ մեր չար պերսոնաժները իրականում այդքան ուժեղ չէին լինի, եթե գլխավոր չարագործը հենց մեր մեջ նստած չլինի: Չարագործը ուժեղ է միայն այն ժամանակ, երբ մենք թույլ ենք տալիս նրան օգտագործել մեզ: Ասեմ նաեւ, որ հատուկ ենք ընտրել կոնկրետ թուրքական (նաեւ «ազ»-ով սկսվող) անունները` շեշտելու համար, որ եթե չկանչես չարիքը, այն երբեք չի գա: Եվ պետք է միշտ զգոն լինել»: 

Ի դեպ` Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերը դիտած հանդիսատեսը շատ լավ գիտե, որ սովորաբար նա գրեթե բոլոր իր մուլտերում բազմաշերտ կոդավորված ուղերձներ էր տեղադրում (օրինակ, մոգական ուժ էին ձեռք բերում հայկական այբուբենը կամ պատմական փաստերի իմացությունը): Եվ այդ ուղերձները ներգործում էին մանուկների ենթագիտակցության վրա` որպես ազգային ինքնությունը իմաստավորելու խթան: Ռոբ Սահակյանցը մեծ «աճպարար» էր, ով հայրենիքի իդեան (թեկուզ ամենաաննշան դրսեւորումներով) դարձնում էր կյանքի բարդ խճանկարի ամենակարեւոր դետալը: 

«Անահիտը», որը արտադրության փուլ է մտել անցյալ տարվա մայիսին, արդեն 26 րոպեանոց ավարտուն հատված ունի: Դ.Սահակյանցը այդ տեմպը նորմալ է համարում. «Եթե այսպես շարունակենք, հաջորդ տարի ֆիլմը կավարտենք: Բնական է, որ եթե ֆինանսավորումը ավելանա, մենք էլ կկարողանանք նոր մարդկանց ներգրավել աշխատանքի մեջ ու պրոցեսն արագացնել: Այժմ մենք միայն պետական ֆինանսավորում ունենք, սակայն հույս ունենք, որ մասնավոր ներդրողներն էլ կհայտնվեն: Խնդիրը նրանում է, որ գործարարները, այդ թվում` նաեւ Մոսկվայում ապրող հայ մեծահարուստները, որոնց մենք դիմում ենք, առանձնապես չեն խանդավառվում: Չգիտեմ` ինչո՞ւ է այդպես: Միգուցե մենք չենք կարողանում պրոդյուսերական աշխատանքն ավելի համառ տանել, կամ էլ` գործարարները վախով են մոտենում նման պրոյեկտներին, քանի որ իրական գումար ներդնելով` նրանք իրական արդյունք են ակնկալում: Իսկ դա վախ է առաջացնում, մանավանդ, երբ տեսնում եմ, որ նախկինում արված ներդրումներն իրենց հույսերը չեն արդարացնում: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ պրոդյուսերներ ֆիլմերին անհրաժեշտ են, շատ նրբություններ կան, որոնց մեր ստեղծագործական խումբը չի տիրապետում: Բայց մենք սովորում ենք: «Անահիտը» մեզ համար յուրատեսակ տրամպլին դարձավ, քանի որ մենք հասկացանք, որ մեկ խոշոր պրոյեկտից բացի, հարկավոր է նաեւ փոքր նախագծեր իրականացնել»: 

Նորմալ աշխատելն ուտոպիա չէ

Մուլտիպլիկացիան հազվագյուտ հետաքրքիր մասնագիտություն համարող Դավիթ Սահակյանցը շատ լավ գիտակցում է, որ այդ մասնագիտությունը մեծ հեռանկարներ ունի Հայաստանում, քանի որ մի կողմից` թույլ է տալիս նկարիչներին ինքնարտահայտվել, իսկ մյուս կողմից` լուծում է հացի խնդիրը. «Մեր տարածաշրջանում մենք լիդեր ենք: Թուրքիան, Վրաստանն ու Պարսկաստանն, օրինակ, չունեն այն ներուժը, որը մենք ունենք, նրանք անիմացիոն ֆիլմերը պատվիրում են դրսում (թուրքերն, օրինակ, համագործակցում են գերմանական ստուդիաների հետ): Իսկ մենք շատ լավ նկարիչներ ունենք (ստեղծագործ ազգ ենք, վերջիվերջո), ովքեր չեն կարողանում ռեալիզացնել իրենց ունակությունները, եւ անիմացիան նրանց համար արտահայտվելու եւ գումար աշխատելու շանս է»: Նրա կարծիքով` լավագույն քայլը փոքր ստուդիաների եւ կենտրոնների ստեղծումն է, որոնք աշխատանքային դաշտ կբացեն հատկապես երիտասարդների համար: «Մեր ցանկությունը մուլտիպլիկացիայի կենտրոնի ստեղծումն է, որտեղ կարող են եւ երեխաները, եւ մեծահասակները սովորել, տարբեր դասընթացների մասնակցել եւ իրենց սեփական մուլտերը պատրաստել: Թեեւ շատերը մեզ ասում են, որ այդ գաղափարը ուտոպիա է, ես հավատում եմ, որ դա հնարավոր է անել: Ինչպես նաեւ` բացել հայկական մուլտիպլիկացիայի թանգարանը, որն իր փոքր կինոսրահը կունենա ու կծանոթացնի մեր անիմացիայի պատմության հետ: Այդ թանգարան-կենտրոնն իր ճարտարապետական լուծումներով կարող է ներկայացվել որպես հեքիաթային աշխարհ, բայց միեւնույն ժամանակ` շատ կոնկրետ աշխատանք կատարել»: 

Ըստ Դ.Սահակյանցի` համաշխարհային անորակ ամերիկյան եւ ճապոնական «մուլտաղբի» ալտերնատիվը կարող է դառնալ այն արտադրանքը, որը նախ` մի քանի գլուխ ավելի բարձր է իր որակով, եւ երկրորդ` մատուցվում է մայրենի լեզվով: «Հիմա, ասես, չհայտարարված պատերազմ է, մեզ պարզապես ստիպում են «ուտել» այն մուլտիպլիկացիոն «ֆաստ-ֆուդը», որը ոչնչով չի տարբերվում աղբից: Մենք դրա հետ համաձայն չենք, եւ ուզում ենք, որ մեր երեխաները սկսեն մտածել: Եվ խոսքը ոչ միայն մուլտիպլիկացիայի, այլեւ` արվեստի բոլոր ճյուղերի մասին է»:

Նա նշում է նաեւ, որ արդեն պայմանավորվածություն կա Մոսկվայի ՎԳԻԿ-ի հետ` Երեւանում մուլտիպլիկացիայի եւ մուլտիմեդիայի ֆակուլտետ բացելու մասին: Եվ դա կարող է դառնալ այն քայլերից մեկը, որը կնպաստի մուլտիպլիկացիայի զարգացմանը:

Նա վստահ է, որ եթե փոքր ստեղծագործական խմբերը նախնական ստարտի եւ էքսպերիմենտալ փուլ անցնելու համար անհրաժեշտ գումար ունենան` կկարողանան հետագայում ինքնուրույն աշխատել եւ պատվերներ բերել հայրենիք. «Հայ անիմատորներն արդեն իսկ տարբեր փառատոների շնորհիվ կարողացել են բավականաչափ կապեր ստեղծել, եւ հիմա հարկավոր է դրանք ճիշտ օգտագործել: Մեր ստուդիան, օրինակ, նախատեսում է մասնակցել այս տարվա Կաննի կինոշուկային: Եվ քանի որ մենք համոզվել ենք, որ երբ Կաննում իմանում են, որ հայկական տաղավարը պետական ֆոնդն է ներկայացնում, այսինքն` Կինոկենտրոնը, ապա մենք ստիպված ենք ամեն կերպ ընդգծել մեր անկախ, մասնավոր ստատուսը: Ցավում եմ, որ այդպես է, բայց ստիպված ենք հայկական տաղավարի հետ մեր կապը չցուցադրել, այլ` գնալ, կապեր որոնել, համոզել ու կոնկրետ նախագծերի համար գումար որոնել»
ՄՇԱԿՈՒՅԹ | Просмотров: 473 | Дата: 24.03.2011 | Комментарии (0)